Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Ավետիս» մանկապարտեզը կրելու է Մնացական Թարյանի անունը

«Ավետիս» մանկապարտեզը կրելու է Մնացական Թարյանի անունը
07.04.2017 | 13:12

«Ավետիս» մանկապարտեզը (Գուլակյան փող. 6ա) այսուհետ կոչվելու է անվանի գրող, հասարակական-քաղաքական գործիչ, Հայրենական պատերազմի վետերան ՄՆԱՑԱԿԱՆ ԹԱՐՅԱՆԻ (1920-1999) անունով: «Անվանակոչումը լավ առիթ է ի մի բերելու մարդու անցած ճանապարհը, անցած ուղին, հիշելու և վառ պահելու հիշատակն ու գործը»,- մեզ հետ զրույցում ասաց մանկապարտեզի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:


«Ավետիսը» հիմնվել է 2004-ին` որպես զարգացման կենտրոն: 2009-ից ստացել է նախակրթարանի արտոնագիր: Տնօրենի խոսքով` հասունացավ նաև միտքը, որ այն պետք է ունենա ավելի խոսուն, մնայուն անուն. «Ստանալով Մնացական Թարյանի ընտանիքի համաձայնությունը` մանկապարտեզը անվանակոչեցինք անվանի գրողի անունով, ինչը մեծ պատիվ է մեզ համար»:


ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ ասաց, որ գրողին արժևորելը, գրողի անունով դպրոց, մանկապարտեզ կոչելը հին ավանդույթ է և պետք է շարունակվի: Նկատեց նաև, որ հրաշալի ժառանգներ ունի Մնացական Թարյանը. «Գրողի ընտանիքն էլ պետք է առանձնահատուկ կնիք ունենա, և պատահական չէ, որ շատ դասական գրողների պանծացնում են իրենց ժառանգները` Պուշկինի, Տոլստոյի, հայ գրողներից` Թումանյանի, Իսահակյանի և մյուսների: Մնացական Թարյանը մորեղբորս ընկերը և բախտակիցն է եղել, համարյա նույն տառապանքի քառուղիներով անցած մարդիկ են: Միշտ մտածել եմ` այսքան ծանր կյանքով են ապրել, հիտլերյան, ստալինյան ճամբարներով են անցել, բայց բարությունն ու ժպիտը այս մարդկանցից անպակաս է: Մարդկային հոգու փիլիսոփայությունն է` ծանր, դժվար կյանք ապրածը ուրիշներին մի բարություն, ժպիտ, մի լավ խոսք է ուզում փոխանցել, որովհետև դրա կարիքը նրանք շատ են զգացել»:


Բանաստեղծ, մանկագիր, «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ խոսքով` Մնացական Թարյանը մեր դասական գրողների շարքում է, և գովելի է, որ բարձր է հնչում գրողի անունը. «Մենք տեսանք` ինչպես Ֆրանցիսկոս պապը հազար տարի հետո մեր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոս շնորհեց: Հայ մարդն առանց գիր ու գրքի չի կարող ապրել: Այսօր էլ կան գրողներ, որոնք ստեղծագործում են երեխաների համար, նրանցից մեկն էլ գրողի դուստրն է` Անահիտ Թարյանը, որը տասնյակ մանկական գրքերի հեղինակ է»:


Բանաստեղծ, թարգմանիչ ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆՆ ասաց, որ հենց մուտքից շատ տպավորիչ էր մանկապարտեզը, որը նաև հետաքրքիր պատմություն ունի: Փոքրիկ մի բնակարանից տարեցտարի մեծացել, դարձել է այսպիսի հրաշալի օջախ:
Միջոցառմանը ներկա էին գրողի հարազատները` որդին` Արմենը, հարսը` Կարինեն, դուստրերը` Գոհարը, Անահիտը, թոռները` Հասմիկը, Վերգինեն, նաև ծոռնուհին` Միլենան:
ԱՆԱՀԻՏ ԹԱՐՅԱՆԸ համոզված էր, որ հայրը` բանաստեղծ Մնացական Թարյանը, ներկա է միջոցառմանը: «Նրա հոգին թևածում է այստեղ և հրճվում»,- ասաց գրողի դուստրը` խոսքն ավարտելով հորը նվիրած բանաստեղծությամբ:


Մնացական Թարյանի թոռնուհին` ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ասաց, որ մայրական անհուն ջերմություն և լույս է ժայթքում այս մանկապարտեզից, շնորհակալություն հայտնեց տնօրենին, դաստիարակչուհիներ Ռաիսային, Լիլիթին: Հասմիկ Խաչատրյանն ինքն էլ մանկապարտեզի աշխատակազմի անդամ է:


Միջոցառմանը ներկա էր նաև Մուշեղ Գալշոյանի այրին` Ագնես Ղափլանյանը:
Մանկապարտեզի սաները Մնացական Թարյանի ստեղծագործության հիման վրա բեմադրություն ցուցադրեցին: Իբրև նվեր ստացան գրողի գրքերից և «Ծիծեռնակ» ամսագրի օրինակներից:


Մնացական Թարյանը հակապատերազմական թեմայով գրված մի շարք գրքերի հեղինակ է: Գրել և հրատարակել է գերիների կյանքին վերաբերող պատմվածքներ: Նրա բանաստեղծություններից շատերը ծնվել են, իր իսկ խոսքով, «ռազմաճակատային խոնավ խրամատներում», «տանկի նեղլիկ խցում», «գերության մարդակեր փշալարերի ներսում, մատնիչ աչքերից թաքուն»:


Ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից, այնուհետ ստալինյան ճամբարից Թարյանը 1947-ին վերադարձել է հայրենի տուն: Աշխատել և ստեղծագործել է: Գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, վիպակներ մանուկների և մեծահասակների համար: Նրա խոսքերով բազմաթիվ երգեր են գրել անվանի կոմպոզիտորներ` Կարո Զաքարյանը, Մարտին Մազմանյանը, Դանիել Ղազարյանը, Արամ Մերանգուլյանը, Խաչատուր Ներսիսյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները` Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2208

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ